Հայերեն

    Նոյեմբերի 25-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Երևանի հանրային վայրերում իրականացրեց իր ամենամյա իրազեկման ակցիան, որն ազդարարում է  Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկը։

    «Ես եմ իմ դասընկերուհուն հրավիրել սուրճի եւ բռնաբարել, չնայած նրա «ոչ»-ին», «Ես եմ իմ ուսանողուհուն սպառնացել քննություն չնշանակել, եթե սեռական հարաբերություն չունենա ինձ հետ», «Ես եմ ծեծելով բռնաբարել իմ կնոջը՝ սպառնալով, որ կարթնացնեմ երեխաներին և դա կանեմ իրենց ներկայությամբ»: Այս պատմությունները փակցված էին տղամարդկանց հագուստներին, և կարծես ինքնախոստովանական ցուցմունքներ լինեին։

    Նաև՝ դրանք  ուղղված էին հասարակությանը, որը հաճախ է բռնության ենթարկվածին մեղադրում։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նոյեմբերի 25-ին անցկացրած հանրային իրազեկման ակցիայի առանցքը սեռական բռնությունն էր։

    «Մեր ակցիան վերաբերում է սեռական բռնությանը և թիրախավորելով նաև հանրային կարծիքը՝ սեռական բռնության ենթարկված անձանց վերաբերյալ, մենք շրջել ենք վեկտորը՝ զոհից դեպի բռնարարը, ընդգծելով, որ մեղավորը բռնարարն է», – ասում է Կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը, ավելացնելով, որ նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը: Նույն օրը մեկնարկում է նաև գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա արշավը, որն անցկացվում է ամեն տարի՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Իսկ այս տարի Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի առանցքում է սեռական բռնության և բռնաբարության խնդիրը։

    Սեռական բռնությունը լրջագույն հիմնախնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սեռական բռնության բոլոր տեսակները՝ մասնավորապես ոտնձգությունն ու բռնաբարությունն արմատավորված են հայրիշխանական ​​ ուժի և վերահսկողության բազմաշերտ համակարգում։

    Սեռական բռնությունն ունի խորքային ազդեցություն անձի ֆիզիկական և մտավոր առողջության վրա: Սեռական բռնության ենթարկված կանայք ու անչափահասները ենթարկվում են հոգեբանական ճնշումների  հասարակության կողմից, հաճախ նրանց են մեղադրում կատարվածի համար. «միգուցե կնոջ վարքն այն չէր», «հագուստն էր կարճ», «օծանելիքն էր գրավիչ», մինչդեռ մեղադրելով սեռական բռնության ենթարկվածին՝ հասարակությունն արդարացնում է բռնարարին՝ այդպիսով կատարվածի պատասխանատվությունը բռնարարից տեղափոխելով սեռական բռնության ենթարկվածի վրա: Հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը բռնարարի հանդեպ։
    « Ցավոք, մենք ունենք լուրջ խոչընդոտներ նաև արդարադատության համակարգում, – ասում է կոալիցիայի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը,- Սեռական բռնության ենթարկված անձինք բախվում են լրջագույն խոչընդոտների դատաիրավական համակարգում և հաճախ կրկնակի զոհարկվում են»։

    Նույն կարծիքին է նաև Կոալիցիայի ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանը։ Նրա տարիների փորձը, որպես Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար, հնարավորություն է տալիս ասելու, որ երբ սեռական բռնության ենթարկված անձը դիմում է իրավապահ մարմնին, նրան այն վիճակում են դնում, որ անընդհատ պետք է իր անմեղությունն ապացուցի:

    «Նրան են սկսում կասկածել, նրա վարքն ու բարոյական նկարագիրը դիտարկել: Եվ անընդհատ պետք է մարդն ապացուցի, որ ինքը բարոյական է»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:

    Ուստի, ակցիայի մեկ հատված վերաբերում էր նաև զոհին։ Փողոցի բանուկ մասում տեղադրված հայելու վրա գրված էր․

    «Եթե դու հիմա տեսնում ես այստեղ սեռական բռնության ենթարկված անձի, հիշի՛ր․ Դու մեղավոր չես»։

     

    Հանրային իրազեկման ակցիայի ժամանակ անցորդներին բաժանվում էին նաև բուկլետներ և տեղեկատվական նյութեր։ Կոալիցիայի ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանի խոսքով․

    «Մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում սեռական բռնությունը, և թյուր ըմբռնում կա այն մասին, որ եթե սեռական բռնությունը կատարվում է ընտանիքում, ապա դա բռնություն չէ, քանի որ կինը ամուսնու սեփականությունն է»։

    Խոսելով վիճակագրական տվյալների մասին, Կոալիցիայի անդամները գտնում են, որ սեռական բռնությունը լատենտային է, սակայն անգամ այն դեպքերը, որոնց մասին կա որոշակի տեղեկատվություն, խսուն են և փաստում են երևույթի տարածվածության ու վտանգավորության մասին։

    Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կանանցից յուրաքանչյուր չորրորդը ենթարկվում է սեռական բռնության՝ իր զուգընկերոջ կողմից, դեռահաս աղջիկների 1/3 խոստովանում է, որ իրենց առաջին սեռական հարաբերությունները եղել են պարտադրված:

    Հայաստանում՝ 2019 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության տվյալներով 73 դեպքով՝ իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն:
    39 դեպքով՝ 40 անչափահասի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջկա նկատմամբ։