Հայերեն

    «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վավերացման դեմ այսօր պայքարում են նույն շրջանակները, ովքեր ժամանակին պայքարում էին Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման դեմ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումներին:

    «Որևէ մտահոգիչ կետ չկա այդ կոնվենցիայում: Եթե հետ գանք 2018 թվական ու հիշենք, թե նույն խմբերը ոնց էին ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության դեմ արշավներ սկսել և ինչ էին ասում, մենք կհասկանանք, թե ովքեր են նրանք, ինչ նպատակ են հետապնդում և ինչքան դատարկ ու փուչ է այդ ողջ աղմուկը»,- ասում է Զառա Հովհաննիսյանը:

    Կոնվենցիային դեմ արտահայտվողները կարևորում են ազգային արժեքների պահպանության անհրաժեշտությունը: Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ ազգային արժեքը հաստատ բռնությունը չէ: «Նույն շրջանակներն անընդհատ պաշտպանում են բռնությունը՝ դա մեղսագրելով ողջ ազգին: Ամբողջ մի ազգի մեղսագրել, որ նա բռնության մշակույթի կրող է, և դա ազգային արժեք է ու ամեն կերպ պետք է պաշտպանել, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում»,- ասաց նա:

    Անդրադառնալով կոնվենցիայի այն դրույթներին, որոնք որոշ շրջանակների մոտ անհանգստություն են առաջացնում, Զառա Հովհաննիսյանն ասաց. «Եթե իրենք խոսում են այն մասին, որ «ընտանիք» հասկացության ձևակերպում այդտեղ չկա, ապա ասեմ՝ չպետք է լինի, որովհետև կոնվենցիան չի տալիս «ընտանիք» հասկացության ձևակերպումը: Կոնվենցիան տալիս է կոնկրետ խմբի պաշտպանությունը: Իսկ ինչ վերաբերում է «ընտանիք» հասկացությանը, դա սահմանվում է Ընտանեկան օրենսգրքով: Եվ ցանկացած երկիր ազատ է իր ներքին օրենսդրության մեջ սահմանել՝ որն է ընտանիքը և այդ սահմանմամբ առաջնորդվել»:

    Այսինքն, ըստ նրա, ոչ մի հակասություն չի կարող լինել այս կոնվենցիայի ու երկրի ներքին օրենսդրության միջև, որևէ պարտադրանք ևս չկա երկրի համար: «Որևէ պատուհան չի բացվում դրանով, թե հետագայում ազգային օրենսդրության մեջ ինչպես պետք է ձևակերպվի ընտանիքը: Ինչ վերաբերում է «զուգընկեր» հասկացությանը, որը ևս խնդրահարույց է դիտարկվում, ապա ասեմ, որ 2015 թվականին արդեն իսկ այս հասկացությունը մեր ներպետական փաստաթղթերում արձանագրվել է ընտանեկան բռնության փաստագրման և վիճակագրության շրջանակներում: Քննչական կոմիտեի փաստաթղթերը թող բացեն: Երբ Քննչական կոմիտեում սկսվեց ընտանեկան բռնության վիճակագրություն վարվել, այնտեղ գրված է «զուգընկեր» հասկացությունը: Այն վերաբերում է հարաբերություններին, որոնք չունեն փաստագրված կամ ճանաչված բնույթ՝ ոչ քաղաքական, ոչ էլ գրանցված ամուսնություն են»,- մանրամասնեց նա:

    Հայաստանն այս կոնվենցիան, հիշեցնենք, ստորագրել է 2017 թվականին: Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ հարց է ծագում, երբ ՀՀԿ իշխանության օրոք կոնվենցիան ստորագրում էին, ինչո՞ւ նույն խմբերը ձայն չհանեցին:

    “Վավերացնելը առաջին քայլն է, ստորագրելն է վերջնական: Ստորագրելիս ես դու նշում, թե որ կետերին ես համաձայն, քո առարկություններն ես նշում: Ժամանակին ՀՀԿ իշխանության օրոք 4 առարկություն է նշվել, մնացած դրույթների հետ իրենք եղել են հաշտ և պատրաստվել են վավերացնել: Եթե անգամ իշխանափոխություն չլիներ, ժամկետներն այնպիսին էին, որ հիմա Հայաստանը պետք է վավերացներ այդ կոնվենցիան”,- ասաց  Զառա Հովհաննիսյանը:

    Ըստ նրա՝ հատկապես զարմանալի է, որ իրավաբաններն են այսօր կոնվենցիայի դեմ դիրքերից հանդես գալիս:

    Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու կոչով հանդես են եկել նաև ՀԱԵ թեմակալ առաջնորդները:

    «Եկեղեցին խառնվում է այս գործերին, որովհետև պետության մեղքը կա այստեղ: Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ժամանակ պետությունն սկսեց բառիս բուն իմաստով եկեղեցուն կաշառել, խոստանալ, որ ինքն ապաստարաններում կունենա որևէ ֆունկցիա, կկարողանա գնալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատել, որպեսզի նրանք դեմ չարտահայտվեն և հանրության մեջ նվազեցնեն բացասական դիրքորոշումը տվյալ օրենսդրության նկատմամբ: Դրա համար էլ իրենց համար պատուհանը բացված է, որ նման դեպքերում կարելի է միջամտել: Եկեղեցուն ընդհանրպես շատ մեծ դեր է տրված Հայաստանում, ներթափանցել է աշխարհիկ կառույցներ: Դրա համար էլ իրենք իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություններ անել»,- նշեց Զառա Հովհաննիսյանը:

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով: Զառա Հովհաննիսյանն ասում է, որ հանձնաժողովն ընդամենը խորհրդատվական մարմին է, պետությունը պետք է որոշում  կայացնի:

    “Եթե պետությունը գտնում է, որ իր երկրում կա կանանց պաշտպանության խնդիր, պետք է գնա այդ ճանապարհով: Իսկ խնդիրը կա, եթե մենք տարեկան միջինը ունենում ենք ընտանեկան բռնության ենթարկված կանանց շրջանում 10 զոհ, դա խնդիր է: Ավելին, այս տարվա կեսին մենք արդեն ունենք 10 զոհ: Այսինքն՝ վիճակագրությունը սահմռկեցուցիչ է: Այս դեպքերը կանխարգելելու համար հավելյալ փաստաթղթեր են պետք”,- նշեց նա:

    Աղբյուրը՝ www.lragir.am