Հայերեն

    Մայիս 27-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ  «Ընտանեկան բռնությունը Հայաստանում.
    մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով ազգային համաժողովիը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
    կոալիցիայի» հետ համագործակցությամբ, ԵՄ ֆինանսավորմամբ։
    Միջոցառումը նվիրված էր ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգի և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում առկա, ապա ընդունումից հետո դրա կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին և բացերին, ինչպես նաև՝ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը:
    «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» ազգային համաժողովին հրավիրված էին մասնակցելու բոլոր շահագրգիռ կողմերը՝ միջազգային, պետական կառույցների և գերատեսչությունների, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
    Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ողջունելով համաժաղովի մասնակիցներին նշեց, որ Հայաստանը բավականին հավակնոտ բարեփոխումներ է նախաձեռնել, և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում միասին աշխատելով կկարողանանք ավելի արդարացի հասարակություն, ազատ և առողջ ընտանիքներ կառուցել:

    «Մենք՝ որպես Եվրամիություն, պատրաստ ենք աջակցել այս նպատակների իրագործմանն ուղղված ջանքերին: Մենք միանում ենք այն պլանին, որն ունի կառավարությունը: Իրականում Հայաստանն ընդունել է օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց նաև հայտարարվել էր, որ պատրաստ են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Բայց ամենակարևոր աշխատանքն այն է, որ այս ամենը դառնա մեր առօրյա աշխատանքի գործնական մասը։ ԵՄ-ն մշտապես կանգնած է քաղաքացիական հասարակության կողքին, որը կարևորագույն դերակատարում ունի իրազեկման և զգայուն մթնոլորտի ձևավորման հարցում։ Շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գտնում է, որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ մեծածավալ աշխատանքի կարիք կա: Այս իմաստով նախարարը կարևորում է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին՝ միջգերատեսչական համագործակցությունը, քանի որ սա չի կարող լինել միայն մեկ պետական կառույցի խնդիր:

    «Չկա մի երկիր, չկա հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող լուծել այս խնդիրը՝ աչք փակելով դրա վրա», – ընդգծում է Զարուհի Բաթոյանը։

    Ըստ նախարարի՝  կարևոր է նաև պետական աջակցության ավելացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման,  ինչպես նաև՝ կանխարգելման ծրագրերի իրականացման առումով: Զ. Բաթոյանը նշել է, որ շատ կարևոր են օրենսդրական ոլորտի բարեփոխումները, որոնք պետք է լինեն միջազգային ստանդարտներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխան։

    «Շատ կարևոր է մարտահրավերները ճիշտ նշելը, դրանք հատկորոշելը: Մեզ համար շատ կարևոր է երջանիկ անհատ, ընտանիք և համերաշխ հանրություն ունենալը, որովհետև այլ կերպ մենք չենք կարող նպաստել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին», – ասում է զարուհի Բաթոյանը:

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Գոհար Շահնազարյանն անդրադառնալով կանանց նկատմամբ բռնությունների կանախարգելմանը, նծեց, որ դեռևս առկա են բացեր և արձանագրվում են կնասպանության դեպքեր։

    «Օրեր առաջ նախկին ամուսինու կողմից դանակահարվեց 37-ամյա Կարինե Հակոբյանը։ Իսկ երեք օր առաջ Բասեն գյուղում սպանվեց ևս մի կին »,- հիշեցրեց Շահնազարյանը՝ շեշտելով, որ նույնիսկ օրենքի առկայության դեպքում 2019 թ. արդեն կա մահացած 6 կին, որոնք 88-24 տարեկան են։

    Նա նշեց, որ ընտանեկան բռնությունը կանանց հանդեպ բռնության մասնավոր հատվածն է, բայց մենք ունենք այժմ մեր հասարակության մեջ կին իրավապաշտպանների և կին ակտիվիստների հանդեպ անհանդուրժողականության, ատելության ու լռեցնելու փորձեր, որը մեզ հուշում է, որ խնդիրը պետք է նայենք ավելի լայն համատեքստում։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին, նշեց, որ փետրվարից մինչ այժմ պետական 6 ճգնաժամանային կենտրոնները, որոնք գործում են այս տարվա փետրվար ամսից, աջակցություն է ցուցաբերվել ընտանեկան բռնության 180 դեպքով, որոնցից միայն 2-ն է ուղղորդվել մարզպետարանների համապատասխան բաժինների կողմից։ Մյուսները՝ ոստիկանության կողմից են ուղղորդվել։ Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք խոսում ենք միջգերատեսչական համագործակցության մասին, սակայն գործնականում տեսնում ենք, որ այն բավարար չէ։
    Նաև՝ այս կարճաժամկետ վիճակագրությունը ցույց է տալիս, որ աջակցության զգալի մասը ցուցաբերվել է ֆիզիկական բռնության դեպքերով, միայն մեկ դեպք է եղել անտեսման հիմքով, ինչը հուշում է, որ մենք պետք է բարձրացնենք զգայնությունը ընտանեկան բռնության մյուս ձևերի նկատմամբ։

    2018 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Ընդ որում՝ միայն 2019 թվականի առաջին չորս ամիսներին Ոստիկանություն 695 ամփոփագիր է ներկայացվել: Այդ մասին համաժողովի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Նելլի Դուրյանը։
    «Այո՛, կա բռնություն: Մենք չպետք է ամաչենք դրա մասին խոսելուց, բարձրաձայնելուց: Հակառակը՝ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք բռնությունների քանակը, կանխարգելենք կնասպանության դեպքերը, բռնության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք ընտանիքներում»,- նշում է Նելլի Դուրյանը:

    ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, անդրադառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման  օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթներին նշեց, որ դրանք երկուսն են․ Դրանցից մեկը ուսուցիչների համայնքի վերապատրաստումներն են, երկրորդը՝ կրթության բովանդակության փոփոխությունը, որտեղ կբացառվի որևէ նյութ, որը կարող է այս կամ այն կերպ տանել դեպի ընտանեկան բռնություն։

    ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը՝  համաժողովի ընթացքում անդրադառնալով բուժծառայություններին՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն ցուցաբերելու գործում, նշեց, որ ընտանեկան բռնության զոհը՝ օրենքի շրջանակներում հիվանդանոցային անվճար բուժօգնությունից օգտվել չի կարող։

    «Ըստ օրենքի պետական պատվերը հիվանդանոցային բուժօգնությունը չի ներառում, ինչը կրկնակի զոհայնացման է հանգեցնում անձին»։ Նա նաև նշեց, որ մենք ունենք «կարմիր խնձոր» կոչվող ավանդույթը, որը առիթ է հանդիսանում աղջիկների հանդեպ բռնության՝ ոչ միայն ամուսնու, այլև իր ծնողների կողմից, ուստի մենք պետք է աշխատանք տանենք վնասակար սովորույթների դեմ ևս։

    Հետահայաց անդրադարձ կատարելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին, վերջինիս կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին ու առկա բացերին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Մարո Մաթոսյանը խոսեց առկա խնդիրներից։

    «Առաջին արձագանքողը ոստիկանությունն է, 75 տոկոսը նախազգուշացումն է, որը որևէ պաշտպանություն չի տալիս զոհին։ Նախազգուշացումը որևէ պաշտպանություն չի տալիս զոհին, նա բռնարարի հետ մնում է նույն վիճակում՝ վտանգված և խոցելի։ սակայն մենք պետք է հասկանանք բոլոր խնդիրները։ Նույնպես նաև հաշտեցումը, որը ևս անընդունելի է», – ընդգծում է Մաթոսյանը։

    ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վիկտորյա Օհանյանը անդրադարձավ Երեխայի իրավունքներին և լավագույն շահին։

    «Ինչու՞ է բռնության ձևերից ընտանեկան բռնությունն ամենագարշելին, քանի որ մարդն այնտեղ, որտեղ պետք է ամենաապահովը զգար, զգում է ահավոր վտանգված։ Այս տեսանկյունից կան որոշակի խնդիրներ, որոնք մենք չենք կարողանում հաղթահարել։ Մենք ստեղծում ենք անդրսերնդային բռնության կրկնվող շրջափուլ, որը ճեղքել գրեթե անհնար է։ Ընտանեկան բռնությունը հանրային առողջության խնդիր է, այն դադարում է լինել միայն բարոյական կամ իրավական խնդիր», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։

    ՄԱԿ-ի փորձագետ Դավիթ Թումասյանը՝ շարունակելով թեման նշեց, որ երեխան միշտ է տուժում ընտանեկան բռնությունից։

    «Երեխան մշտապես ընդօրինակում է ծնողների մոտեցումները, կրկնօրինակում նրանց վարքը։
    Երեխաների նկատմամբ բռնության առաջին տեղում ֆիզիկակակն բռնությունն է։ Երկրորդ տեղում սեռական բռնություններն են, որի մասին ընդունված չէ խոսել։ Իսկ ինչու՞ չխոսել, երբ այդ երևույթը կա։ Շատ հաճախ երեխան դիմելով ծնողին չի ստանում պաշտպանություն, ինչը լուրջ խնդիր է։ Երրորդ տեղում է անտեսումը։ Անտեսված երեխաների պարագայում, ցավոք, մենք չունենք վիճակագրություն»։

    «Փինք» իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանի խոսքով, 2016 թվականից կազմակերպությունն արձանագրել է 20-ից ավելի ընտանեկան բռնության դեպք՝ ԼԳԲՏ անձանց հանդեպ։

    «Դրանք հիմնականում զավակի նկատմամբ ծնողի գործադրած բռնությունն է՝ գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման հիմքով։ Այստեղ ընտանեկան բռնության զոհը երեխան է, իսկ բռնությունը մեթոդ՝ գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը փոխելու։ Ծնողների կողմից կիրառվում է ֆիզիկական բռնություն, տնային կալանք, զրկում են հաղորդակցության միջոցներից և հնչեցնում սպանության սպառնալիքներ», ասում է Լիլիթ Ավետիսյանը։

    «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական ՀԿ ներկայացուցիչ Ժենյա Մայիլյանի խոսքով, ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ-ի 3472 դեպք, որոնցից 1061-ը կանայք են։ ԱՀԿ-ի տվյալներով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը բռնության ենթարկվող կանանց շրջանում 50%-ով ավելի է։

    «ՄԻԱՎ-ով ապրող կանանց արգելում են համապատասխան բուժում ստանալ։ Կինը վախենում է խզել բռնարար հարաբերությունները, քանի որ սպառնում են հանրայնացնել իր կարգավիճակը, իսկ հասարակությունը խտրական վերաբերմունքի է արաժանացնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Եղել են դեպքեր, երբ կնոջը ապաստարանից դուրս են արել՝ իմանալով նրա կարգավիճակի մասին, և շատ կարևոր է, որպեսզի ճգնաժամանային կենտրոնների, ապաստարանների և այլ ծառայությունների աշխատակիցները ունենան զգայնություն խնդրի նկատմամբ։ Հաճախ կինը հայտնվում է փակուղում, քանի որ պատկան մարմինները նրան աջակցել ու պաշտպանել չեն ցանկանում», ասում է Ժենյա Մայիլյանը։

    «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտոնի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը շեշտում է, որ հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են ընտանեկն բռնության տեսանկյունից։

    «Եղել է դեպք, երբ լսողական խնդիր ունեող կինը ենթարկվել է ընտանեկան բռնության, բայց չի կարողացել հայտնել դրա մասին։ Մինչև կարողացել են հասկանալ և արձագանքքել, արդեն ուշ է եղել։ Եզակի ոստիկաններ կան, որոնք տիրապետում են ժեստերի լեզվին, սակայն դա ամենևին բավարար չէ։ հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն աջակցության կարիք, որը հաճախ մնում է անարձագանք», ընդգծում է Գրիգորյանը։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն արձանագրում է, որ նախարարությունն ամենաշատը սոցիալական աջակցության դիմումներից հետո ստանում է ընտանեկան բռնության ահազանգեր, բայց արդյունավետ պայքարի և կանխարգելման իրավիճակ այսօր դեռևս չկա։

    «Շատ կարևոր է, որ հարցի վերաբերյալ խոսակցությունը լինի մարդակենտրոն, որպեսզի թվերի և մեխանիզմների հետևում չթաքցնենք բուն խնդիրը։ Պետությունը դեռևս համարժեք չի արձագանքում այդ դեպքերին։ Ընտանեկան բռնության վերաբերյալ խոսակցությունը պետք է լինի անկեղծության տիրույթում», – Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադառնալով  մանիպուլյացիաներին, որոնք շեշտադրելով ազգային ավանդույթները պնդում են, թե ընտանեկան բռնության դեմ պայքարը խարխլում է հայկական ավանդական ընտանիքի հիմքերը, նշեց, որ այնքան էլ կողմնակից չէ, որ մեր ազգային արժեքը բռնությունն է։ Եթե մենք տեսնենք մեկին, որը բռնության մեջ տեսնում է ազգային արժեք, ուրեմն մենք ունենք իրազեկման խնդիր, ապատեղեկատվությունն աշխատում է այն պարագայում, երբ իրական տեղեկատվությունը թերի կամ խրթին է։

    Խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի լրամշակման անհրաժեշտության մասին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ, փաստաբան Նոնա Գալիստյանը նշեց, որ նախազգուշացումը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել բռնության ենթարկվածի համար։ Ոստիկանության կողմից համապատասխան զեկույցի բացակայությունն է։ Պետք է լինեն համապատասխան տեղեկություններ, որոնք հետագայում դատավորներին հնարավորություն կտան ճիշտ կատարել գործի քննությունը։

    ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը պնդում է, որ մենք մեր քաղաքացիներին թողնում ենք անպաշտպան։ Ռոզա Ալոյանը, երբ տարիներ առաջ իր երեխաներին կախեց, հետո իմացանք, որ նա ընտանեկան բռնության զոհ է, նա ականատես է եղել, թե ինչպես է հայրը կացնահարել իր մորը։ Մենք որևէ սոցիալական աջակցություն չենք ցուցաբերել, ինչն անթույլատրելի է։

    ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով, եթե չկա խոսքի միջոցով խնդիրը լուծելու մշակույթ, ապա մարդիկ անցնում են բռնության։ Մենք հակված ենք աշխատանք տանել խոսքի միջոցով լուծման ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Մենք մերժում ենք բռնությունը, որպես ներհասարակական խնդիրների լուծման մեթոդ օգտագործելուց։ Մենք թույլ ենք տվել մեծ հանդուրժողականություն բռնության նկատմամբ, որոնք վերաճել են կառուցվածքային բռնության՝ տնտեսական-քաղաքական համակարգերի միջոցով։

    Համաժողովի ընթացքում փաստաբան Նոնա Գալստյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի լրամշակման փոփոխությունների փաթեթը։