Հայերեն

    ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, պատգամավորներ, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց․
    «Ճիշտ է՝ կանանց խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, եւ պայքարը կանանց իրավունքների համար եւս պետք է շարունակվի: Հետեւաբար մարտի 8-ը մեզ համար նաեւ խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը հանուն բոլոր կանանց բարօրության եւ իրավունքների հաստատման՝ մեր երկրներում եւ աշխարհում»:

    Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանը կարողացավ աշխարհին հզոր ուղերձ հղել՝ եւս մեկ անգամ ամրապնդելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը, կարողացավ ցույց տալ, որ դրական փոփոխությունն առանց կորուստների հնարավոր է: Նա համոզմունք է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը եւ քաղհասարակության ներկայացուցիչները սերտորեն համագործակցելու են ՀՀ քաղաքացիների համար ավելի լավ ապագա ապահովելու նպատակով:

    «Մենք պետք է ստեղծենք քաղաքական դաշինքներ քաղաքական խմբակցությունների ու կուսակցությունների միջեւ, պետք է կարողանանք համագործակցաբար հաղթահարել մարտահրավերները»,-ասել է նա:

    Ողջույնի խոսքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություն է կանանց ներուժը լիարժեք օգտագործելու համար: Նա նշել է, որ նոր կառավարության հետ ծրագրերի իրականացման, մասնավորապես քաղաքականության ոլորտում կանանց մասնակցությունն ամրապնդելու տեսանկյունից կա արդյունավետ համագործակցություն:

    Կոալիցիայի ներկայացուցիչները նույնպես անդրադարձան կանանց խնդիրներին։ Մասնավորապես Կանանց Ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնեանը։ Խոսելով կանանց խնդիրներից նա ուշադրությունը հրավիրեց այն հարցի վրա, որ կանայք բազմզան են, «Շատ անգամ, երբ կնոջ մասին ենք խոսում, մենք տեսնում ենք մի տեսակ կին, մայր, շատ անգամ քույր ու վերջ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նաեւ միայնակ մայրերն ենք, մենք նաեւ բանակում երեխա կորցրած մայրերն ենք, մենք նաեւ մայր դառնալ չուզեցողներն ենք, մենք նաեւ տարեցներն ենք, մենք նաեւ տրանս կանայք ենք, նաեւ լեսբի եւ բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք, կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ, մենք սահմանամերձ գյուղերում ապրող կանայք ենք, աղքատներն ենք, մենք եզդի կանայք ենք, հաշմանդամություն ունեցող կանայք ենք, եւ երբ օրենքներ են մշակվում, մենք պետք է ուշադիր լինենք, եւ դուք բոլորդ, որպեսզի միայն մեկ կերպարի կանայք չօգտվեն այդ օրենքներից։ Այսինքն այս բոլոր կանայք են, որ ձեր մտքում պիտի գան, ներառելով այս ամենը, որ ասացի, նաև միացնելով դրան ՄԻԱՎ-ով ապրող կանայք, սեքս աշխատող կանայք եւ շատ ուրիշներ»։

    Կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն էլ անադրադարձավ սեքսիզմի դրսևորումներին և նշեց, որ հաճախ են պատգամավոր կանայք հայտնվում հասարակության անարդարացի քննադատության թիրախում։
    «Հասարակությունն անողոք է կանաց նկատմամբ ու հաճախ պատգամավորները ևս պաշտպանված չեն թիրախավորումից ու սեքսիզմի դրսևորումներից։ Ուստի, մենք՝ կանանց իրավունքներով զբաղվողներս, միշտ լինելու ենք ձեր աջակիցներն ու պաշտպանները»։
    Միջոցառման ավարտին ներկաները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղել խորհրդարանի ու կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ուժերը հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման: