Հայերեն

    Օգոստոսի 29-ին  “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Արսեն Մանուկյանի և Զարուհի Բաթոյանի հետ։

    Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրակարգային հարցերը։ Բուն քննարկմանն անցնելուց առաջ ներկայացվեց Կոալիցիայի գործունեությունն ու ներդրումը՝ ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ոլորտում։ Տրամադրվացին Կոալիցիայի քարոզչական նյութերը և հրատարակած զեկույցներն ու հետազոտությունները։ Ներկայացվեցին նաև մեդիադարշավների հարուստ փորձն ու հանրության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետության ցուցանիշները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  Արսեն Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ առավել ակտիվորեն ներգրավվել տեղեկատվական արշավներին, իրականացնել համատեղ ասուլիսներ ու հանրային իրազեկմանն ուղղված արշավներ։


    Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին նաև ոլորտում առկա խնդիրները։ Կարևորվեց ոլորտում մասնագիտական բարձր որակավորում ունեցող սոցիալական աշխատողների առկայությունը՝ ընտանիքների և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի տեսանկյունից, որն այս պահին ունի բացեր ու լուծումներ է պահանջում։ Կոալիցիայի ներկայացուցիչները առաջարկեցին ցերեկային խնամքի կենտրոններում ստեղծել հատուկ կահավորված աշխատասենյակներ, որտեղ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները կկարողանան հանդիպումներ ունենալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ։ Կարևորվեց նաև սոցիալական աշխատանքի կրթությունը, և Կոալիցիան առաջարկեց իր ներդրումը՝ սոցաշխատողների հետ վերապտրաստման դասընթացներ անցկացնելու հարցում։


    Անդրադարձ եղավ նաև ընտանեկան բռնության ենթարկված անձնանց համար նախատեղված ապաստարանների ստեղծման խնդիրն։ Նախարարության ներկայացուցիչներին խիստ հետաքրքրում էր, արդյո՞ք անհրաժեշտություն կա, որպեսզի ունենանք ապաստարաններ բոլոր մարզերում։

    Ըստ կոալիցիայի ներկայացուցիչների՝ ներկայում անհրաժեշտություն չկա ունենալ ապաստարններ հանրապետության բոլոր մարզերում, հատկապես մասնագիտական բազայի և չափորոշիչների ոչ հստակ լինելու, ինչպես նաև՝ հանրային ցածր տեղեկացվածության պարագայում։ Նախնական համաձայնությամբ և հետևելով միջազգային լավագույն փորձին՝ ապաստարանների ստեղծման աշխատանքների բեռը, ըստ նախնական համաձայնության, կվերցնեն հասարակական կազմակերպությունները, իսկ պետությունը կֆինանսավորի դրանց ընթացիկ գործունեությունը։


    Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն, նման քննարկումներն անցկացնել հաճախակին, որոշակի պարբերականությամբ և խորացնել արդյունավետ համագործակցությունը՝ Նախարարության և Կոալիցիայի միջև։


    Հանդիպման մասին տեղեկատվություն կարող եք տեսնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում՝ այստեղ։