Հայերեն

    Հունիսի 3-ին Արմենիա հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի 288-րդ թողարկման ժամանակ  ( դիտել 49:26 րոպեից), անդրադարձ եղավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին, որոնցից երկուսը՝ կին վարորդների մասնակցությամբ։  «Սուր անկյան» հաղորդավար Վահե Ղազարյանը  թողարկման ժամանակ նկարագրելով   տեղի ունեցած վթարները հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Երբ ղեկին կին է՝ արդեն ֆորսմաժոր է», ապա ուղիղ դիմելով կանանց, հավելել․ «Սիրելի կանայք, նախքան ղեկին նստելն անհրաժեշտ է լավ սովորել ճանապարհային երևեկության ու վարելու  կանոնները», կարծես միայն կանայք պետք է սովորեն այդ կանոնները, իսկ տղամարդիկ ծնվում են ղեկը ձեռքին՝ պատրաստի վարորդներ։ Սակայն հաղորդավարի խոսքին հետևած Գագիկ Շամշյանի կանանց հանդեպ անհարգալից արտահայտություններն ավելի հեռուն գնացին։ «Անվերջ ափսոսանք» տեսանյութը սկսվում է «Վայ կանանյք, կանայք, դուք նման եք այն չարաճճի երեխաներին, որոնց երբ տանում են մանկապարտեզ՝ դաստիարակները բողոքում են, երբ չեն տանում՝ դաստիարակները կարոտում են»։ Ապա  Շամշյանը շարունակում է՝ հնչեցնելով կանանց և մասնավորապես կին վարորդների հասցեին մի շարք խտրական, նվաստացնող և անհարգալից արտահայտություններ, ըստ որոնց․ «Նման վթարի հեղինակը կամ կին պետք է լինի, կամ հարբած տղամարդ», կամ․ «[կանանց] ասած-չասած մի հաշիվ ա. մեկ ա քշելու են նենց, ոնց սիրտն ա թելադրում` մոռանալով, որ մեքենա վարելը ամենևին էլ խոհանոցում ուտելու շեդևր պատրաստելը չէ»:
    Նմանօրինակ վթարների դեպքում՝ նույն հաղորդման շրջանակներում,  սեռով պայմանավորված  արտահայտություններ չեն արվել: Այստեղից հետևություն, ոչ թե խնդիրն այն է, որ կին է եղել մեքենայի ղեկին, թե տղամարդ, այլ այն, որ վարորդը չի տիրապետել բավարար հմտությունների՝ մեքենա վարելու համար։

    Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ամեն տարի ՀՀ-ում գրեթե 10 հազար կին ստանում է վարորդական իրավունք, և այժմ կին վարորդների թիվն անցնում է 60 հազարից։ Չնայած դրան՝ 2016 թվականին  Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել վիրավորներով և զոհերով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 44  պատահարի մասնակից է եղել կին վարորդ։

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալության առաջին կարգի մասնագետ Կարինե Ստեփանյանն, ով նաև վարորդ է, իր հարցազրույցներից մեկում նշել է, որ կանայք ղեկին ավելի զգոն են, զգուշավոր և զիջողականություն են ցուցաբերում: «Կարծում եմ, որ ցանկացած կին վարորդ, որքան էլ վարպետ չլինի, գոնե զգուշավոր է, իսկ տղամարդիկ մեծամասամբ մրցակցություն են ունենում մյուս տղամարդ վարորդների հետ և զիջողականություն չեն ցուցաբերում»։

    Եվ այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք վատ վարորդի համար պատասխանատու է ողջ սեռը։
    Պատասխանելու համար այս հարցին պահանջում ենք, որպեսզի Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը պատրաստի մի թողարկում, որը բազմակողմանի և օբեկտիվ կներկայացնի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու մասնագետների կարծիքները, ինչպես նաև, զերծ կլինի հասարակությունում առկա կարծրատիպերի վերարտադրությունից, որոնք անհիմն են և չեն արտացոլում իրական պատկերը։