Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» հունվարի 29-ին մեկնարկեց առաջին դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի, Աշխատանքի եվ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աշխատանք կատարող մասնագետները։
    Դասընթացի նպատակն  էր իրազեկել Հայաստանում  վերջերս ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի վերաբերյալ՝ քննարկելով նաև ընտանեկան բռնության արմատներն ու առանձնահատկությունները:
    Ինչպես նշեց դասընթացավար Հասմիկ Գևորգյանը․ «Շատ կարևոր է, որպեսզի սոցիալական աշխատանք կատարող  մասնագիետներն իմանան, թե ինչ է ընտանեկան բռնությունը, տիրապետեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմներին, կարողանան ճիշտ գնահատել և վարել ընտանեկան բռնության դեպքերը»։

    Ինչպես նշեցին դասընթացի մասնակիցները,  կարևոր էր քննարկել և առավել խորը պատկերացում ունենալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց վրա բռնության ազդեցությամն առանձնահատկությունների մասին, մասնավորապես՝ հոգեբանական տրավմայի:

    Դասընթացի ընթացքում մասնակիցները ամենից շատ հետաքրքված էին ընտանեկան բռնության ենթարկված անձանց վրա բռնության ազդեցությամբ, մասնավորապես՝ հոգեբանական տրավմայով: Քննարկելիս մասնակիցները առանձնացնում էին դեպքեր իրենց պրակտիկայից՝ հետադարձ հայացքով հասկանալով, որ  իրենց վարած դեպքերից շատերում կանայք գնտվում էին հոգեբանական տրավմայի ազդեցության տակ:«Փաստորեն, եթե կինը  չի հիշում նույնիսկ իրերեխայի  տարիքը, դա ոչ թե իր՝որպես մոր թերացման մասին է խոսում, այլ նշանակում է, որ նա հոգեբանական տրավմայի է ենթարկվել»,-ասաց Նոր Նորքի սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցը:

    Մասնակիցներից շատերը նշում էին, որ իրենց համար նորություն էր զոհի հետ աշխատանքում իրեն չզոհականացնելու մոտեցումը։ Մասնավորապես, մասնակիցները բացահայտեցին այն արտահայտություններն ու հասկացությունները, որոնց գործածման պարագայում զոհին կրկին զոհայնացնում են ու բռնության ողջ պատասխանատվությունը դնում նրա վրա:

    Նշենք, որ դասընթացն իրականացվում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից և իրականացվելու է 2017-2019 ժամանակահատվածում։

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանությանը Հայաստանում՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Մասնավորապես, ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։«