Հայերեն

    Հունվարի 25-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացումը։ Հետազոտությունն իրականացվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պայքարելով գենդերային բռնության դեմ Հայաստանում իրազեկվածության բարձրացման և ջատագովության միջոցով» ծրագրի շրջանակներում: Հետազոտության ներկայացում-քննարկմանը մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և շահառու խմբերի ներկայացուցիչներ։

    Հետազոտության հեղինակ, Իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ալեքսանյանը նշեց, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները վերլուծության են ենթարկվել ՀՀ միջազգային պարտավորությունների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ համադրման ու համեմատության արդյունքում: Օգտագործվել է նաև օրենսդրական նորմերի իրավակիրառ պրակտիկայի հետազոտման, վերլուծության և իրավական գնահատման մեթոդաբանությունը:

    Կատարված իրավահամեմատական ուսումնասիրությունը և վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ օրենքով արգելված գենդերային խտրականության ձևերի ցանկը սպառիչ չէ ինչպես խտրականության տեսակների, այնպես էլ դրսևորման ձևերի տեսանկյունից։ Գենդերային հավասարության խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ սահմանված չեն ինչպես «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ այլ օրենսդրական ակտերով։ Օրենքով սահմանված պաշտպանության միջոցներն արդյունավետ չեն կարող կիրառվել օրենսդրական թերի կարգավորումների և այդ կարգավորում ների բացակայության պատճառով։ Գենդերային հավասարության ապահովման ոլորտներին առնչվող օրենքներում նախատեսված չեն Օրենքի իրականացմանն ուղղված իրավական և կազմակերպական մեխանիզմներ: Օրենքից բխող և դրա կիրառմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը գործադիր իշխանության մարմինների կողմից իրականացվում է ոչ լիարժեք, և առկա չեն հստակ կարգավորումներ Օրենքով նախատեսված ինստիտուցիոնալ մեխանիզմ- ներից յուրաքանչյուրի լիազորությունների և պարտականությունների վերաբերյալ, և ստեղծված չէ լիարժեք մանդատ ունեցող գենդերային հավասարության հարցերով համապետական մարմին: Կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության իրականացման համար ապահովված չէ ենթաօրենսդրական իրավական բազայի շարունակականությունը, ինչպես նաև Օրենքով նախատեսված չէ գենդերային հավասարության խախտման արդյունքում տուժած անձանց բողոքների քննություն իրականացնող մարմին և դրանց քննության ընթացակարգ: Օրենքն իր կիրառումը չի գտել դատական իրավակիրառ պրակտիկայում, և դրանով պայմանավորված, նաև չի իրացվել անձի՝ Օրենքով սահմանված դատական պաշտպանության իրավունքը:

    Վերլուծության արդյունքում վեր հանված խնդիրների լուծման նպատակով կատարվել են առաջարկություններ՝ օրենսդրության և դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայի բարելավման ուղղությամբ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակող դերակատարների և որոշում կայացնող մարմինների համար:

    «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։