Հայերեն

    Թագուհի Մանսուրյանի դատական գործով սեպտեմբերի 12-ի նիստի ընթացքում ցուցմունք տվեց  ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ ամուսնական համատեղ կյանքում եղել են բազմաթիվ վեճեր և կռիվներ։ Վլադիկ Մարտիրոսյանի պատմելով այդ օրը ինքը եկել էր երեխային տեսնելու, ապա վիճել էին ու ինքը զանգել էր ոստիկանություն և շտապօգնություն։ Ու մինչ Թագուհի ու Կարինե Մանսուրյանները ոստիկանությունում ցուցմունք էին տալիս, նա սպասում էր  պատուհանների տակ՝ հսկելով երեխայի քունը։ Իսկ ինչպե՞ս է կացնը հայտնվել իր ձեռքոքւմ, երբ կանայք գիշերվա 4-ին վերադարձել են տուն, նա պատմեց, թե կացինն իր ձեռքում հայտնվել է Թագուհու հոր՝ Վաչագան Մանսուրյանի ձեռքից խլելու հետևանքով։ Դատավոր Դավիթ Բալայանի այն հարցին, թե արդյո՞ք տեսել է կացին Թագուհի Մանսուրյանի ծնողների տանը և արդյո՞ք դա նույն կացինն է, որով ժամանակին միս է կոտրել և այդ օրը կատարել է հանցագործությունը, Վլադիկ Մարտիրոսյանը դժվարացել է պատասխանել, սակայն նախաքննական ցուցմունքներում պնդել է, որ դա հենց նույն կացինն էր։ Այնուհետև դատավորը փաստեց, որ այն կացինը, որով կատարվել է հանցագործությունը բոլորովին նոր էր, և նախկինում՝ այն էլ երկու տարի առաջ, չէր կարող օգտագործված լինել միս կոտրելու նպատակով։ «Կացինը նոր էր, տեսե՞լ ես նկարները՝ մուտքում ընկած», ամբաստանյալին դիմեց դատավորը։ Այս պնդումից հետո Վլադիկ Մարտիրոսյանը դուրս եկավ հավասարակշռությունից, ու նիստն ընդհատվեց։

    Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել Թագուհի Մանսուրյանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի հարցերին ևս։

    Նշենք նաև, որ Թագուհի Մանսուրյանի և նրա ծնողների կացնահարության գործով ամիսներ շարունակ ընթացող դատական նիստերի ժամանակ կա դատարանի թափանցիկության խնդիր։ Լրագրողներն ու իրավապաշտպաններն անընդհատ բարձրաձայնում են, որ դատարանի ապակեպատ դահլիճում գրեթե ոչինչ չի լսվում, ներկաներից ջանքեր են պահանջվում հասկանալու, թե ինչ են ասում ապակուց այնկողմ։ Իրավապաշտպան Լարա Ահարոնյանն անգամ հատուկ նամակ է գրել դատարանին՝ խնդրելով ապահովել պատշաճ պայմաններ։ Դատարանը անտեսում է պահանջները։

    Հիշեցնենք, որ՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Շենգավիթ համայքի շենքերից մեկում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել էր մի ողջ ընտանիք: Թագուհու նախկին ամուսինը սպանել է զոքանչին ու ծանր վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու աներոջը:

    31-ամյա Վ․ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

    Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: