Հայերեն

    Սույն թվականի հուլիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ արյունալի մի սպանություն, կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում, դուք միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հորդորել էիք ամեն գնով վերականգնել ընտանիքն ու վերադարձնել կնոջը համատեղ կյանք: Այդ թվում խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, առանց նրա համաձայնության հրապարակել եք անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Իրավիճակի միակողմանի և սուբյեկտիվ մեկնաբանություններով ներկայացրել եք Վլադիկ Մարտիրոսյանին որպես տուժող: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, որը փաստում է, թե նախկինում ինչպես է հաղորդման հերոս Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար ծեծի ենթարկել կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով:

    Այսպիսով, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը, հրավիրված փորձագետների էթիկական նորմերի կոպտագույն խախտումները, բռնության հանդեպ հանդուրժող և սուբեկտիվ վերաբերմունքը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Բերելով բռնարարին տաղավար, ստեղծելով հոգատար հոր կերպար, պատկերացնո՞ւմ եք արդյոք որտեղ էր այդ հոգատար հոր կերպարը, երբ Վլադիկը երկամյա փոքրիկի ներկայությամբ կացնահարում էր երեխայի մորն ու հարազատներին: Ինչու՞ եք մշտապես արդարացնում բռնարարին և էլ ավելի քարկոծում զոհին: Ու սա առաջին անգամը չէ, նմանատիպ մոտեցումը դարձել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի գործելաոճը: Մենք կարծում ենք, որ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը վտանգում է հանրային առողջությունն ու ստեղծում է բռնության մշակույթի ամրապնդման համար բարենպաստ մթնոլորտ:

    Ո՛չ կիսաբաց լուսամուտներին