Epress.am – «Ինքը դանակով, պատրաստված եկել էր սպանելու քրոջս, թող էլ չասի, թե Հեղինեն ա դրդել իրեն»: 2015 թվականի սեպտեմբերին նախկին ամուսնու՝ 39 ֊ամյա Արտակ Առաքելյանի կողմից սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, մարտի 12-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պնդել է, որ ամբաստանյալը նախօրոք էր ծրագրել սպանությունը:

«Ինքը սպանությունից առաջ էրեխու հետ խոսել էր, իմացել էր, որ Հեղինեն խանութում մենակ ա լինելու էդ օրը, տղային փող էր տվել, ասել, թե ընկերոջդ հետ գնա, ման արի հրապարակում, ինքն (Արտակ Առաքելյանը-խմբ.) էլ որ գնա քրոջս մոտ՝ խանութ, ու սպանի: Էլ թող չասի՝ իբր ինքը խոսք ա բացել դավաճանության մասին, Քրիստինեն էլ ասել ա՝ լավ եմ արել, ինքն էլ սպանել ա»,- դատարանում պատմել է Քրիստինե Դարբազյանը, ով հանգուցյալի իրավահաջորդն է:

Վերջինս հիշել է նաև, որ իր քրոջ նախկին ամուսինը բազմիցս է սպառնացել Հեղինեին և իրենց ընտանիքին: Քրիստինեի խոսքով, ամբաստանյալը նույնիսկ մեկ անգամ իր և հանգուցյալի անչափահաս դստեր մոտ մանրամասն պատմել է, թե ինչպես է սպանելու Հեղինեին:

Վկաների հարցաքննության փուլում դատարանը հարցեր է ուղղել նաև ոստիկան Էդգար Կախեթյանին, որը դեպքի վայրին առաջինը մոտեցած իրավապահն էր:

Ոստիկանը տրամադրված չէր հանգամանալից պատմել այդ օրը տեսածի մասին․ նրա պատասխանները կարճ ու միօրինակ էին։

Դատավոր Ռոբերտ Պապոյանի հարցին, թե ոստիկանը դեպքից հետո տեղեկացել է սպանության պատճառների մասին կամ հիմա գոնե տեղյա՞կ է, Էդգար Կախեթյանը կարճ է պատասխանել է, թե չգիտի սպանության պատճառը, չի հետաքրքրվել:

«Վկան, ըստ էության, ցուցմունք տվեց ոչնչի մասին: Էն տպավորությունն ա, որ էդ ողջ ընթացքում, որ տեսել է սպանվածին, սպանողին, ձերբակալելը և այլն, [ոստիկանը] ականջների մեջ բամբակ ա մտցրած եղել: Ցուցմունքից դուրս ա գալիս էս՝ դե մի մարդ էր, վերցրինք, տարաք, մի կին էլ ընկած էր», – վկայի պատասխաններից զայրացած՝ հայտարարել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Վերջինս դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վկայի նախնական ցուցմունքի և նիստի ժամանակ հայտնածների մեծ հակասություններ կան:

«Իր ցուցմունքում ոստիկանը գրել էր, որ դեպքի վայրում տեղյակ ա եղել՝ ով ա ում սպանել, ինչի համար, իսկ հիմա ոչ մի ձեն չի հանում: Ոստիկանական մեքենայում Արտակը ասել է՝ ինչ է արել, ու, կարծես, չի էլ թաքցրել ու զղջացել, սակայն [այդ մասին դատարանում] չոր մի երկու բան ասաց ոստիկանը», – ասել է Սաֆարյանը:

Դատավորը, սակայն, անկարևոր և աննշան է համարել փաստաբանի բերած հիմնավորումները և ավարտել վկայի հարցաքննությունը: