Հայերեն

    2021 թ․ հուլիս-օգոստոս ամիսներին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց  «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով քննարկումներ՝ Տավուշի մարզի պետական և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպումները տեղի են ունեցել Բերդ, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում և Գանձաքար համայնքում։ Հանդիպումներն անցել են բուռն քննարկումների մթնոլորտում,   մասնակիցները բարձրաձայնել են իրենց համայնքներում առկա գենդերային բռնության հետ կապված խնդիրները և  լուծման ուղիներ առաջարկել։ Քննարկման ավարտին հանդիպման մասնակիցների և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր, որոնց նպատակն է համայնքներում գենդերային բռնության դեպքերի կանխարգելումն ու բռնության ենթարկված անձանց աջակցությունը, ընտանեկան բռնութունը կանխարգելող միջոցառումների իրականացումը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու կանանց տնտեսական և հոգեբանական հզորացումը։
    Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 26-27-ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Հանդիպմանը ներկա էին Բերդ համայնքում գործող «Հույսի կամուրջ» ՀԿ –ի և Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչները, համայնքային աշխատողներ, Բերդի հիմնական դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, ոստիկանության և բուժհաստատության ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ փորձագետ Արևհատ Պետրոսյանը ներկայացրել է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության զոհերի պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները, շահագրգիռ կողմերի դերն ու գործառույթների շրջանակը: Հանդիպման ընթացքում տարբեր կառույցների ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով: Նրանք ծանոթացել են այլ կառույցների գործունեությանը, ապա համատեղ մշակել են համագործակցության հուշագիր, որը ամրագրում է փոխգործակցությունը՝ բռնության ենթարկված կանանց աջակցության և հզորացման ոլորտում:

    Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 29-30-ը՝ Դիլիջան քաղաքում: Հանդիպմանը մասնակցել են Դիլիջանի կրթական հաստատությունների ներկայացուցիչները, դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցները, համայնքում գործող ՔՀԿ ներկայացուցիչները, քաղաքապետարանի սոցիալական աշխատողն ու անչափահասների բաժնի պետը: Դիլիջանում փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 8 պետական մաարմնի 5 անհատի կողմից:

    Օգոստոսի 2-3-ը՝ Գանձաքար համայնքում տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկումը, որին իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերել  համայնքապետը։ Նա կիսվել է համայնքում առկա խնդիրնրով և առաջարկել հնարավոր լուծումներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքային առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները: Նրանցից շատերը տեղյակ են եղել, որ համայնքում կան ընտանեկան բռնության դեպքեր, բայց քանի որ համայնքը փոքր է, կանայք չեն բարձրաձայնում, դա մեծ խնդիր է, քանի որ պետության աջակցությունը խիստ անբավարար է այդ մարդկանց օգնելու համար։  Հուշագրի ստորագրման ժամանակ համայնքայի կառույցների ներկայացուցիչները որոշել են հստակ համատեղ քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ուղղությամբ:

    Իջևանում, օգոստոսի 5-6-ը տեղի ունեցավ հաջորդ հանդիպումը՝ մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին Իջևանի կրթական հաստատությունների, ՔՀԿ -ների ներկայացուցիչներ, ոստիկանության, միացյալ սոցիալական ծառայության տարածքային բաժնի աշխատակիցները: Քննարկումները բուռն ընթացք են ստացել, երբեմն էլ վերածվել են բանավեճի, քանի որ պատկան մարմինների աշխատակիցները հաճախ զոհին մեղադրելու և բռնարարին արդարացնելու միտումներ են դրսևորել։ Սկայան դա ևս մեկ անգամ հաստատում է նման քննարկումների կարևորությունը։ Այնուամենայնիվ,  փոխըմբռնման հուշագրի ստորագրման արդյունքում հնարավոր կլինի ձևավորել համագործակցության նոր շրջանակ՝  Տավուշի մարզպետարանի համապատասխան բաժնի, Իջևանի մի քանի դպրոցների, ՔԿՀ-ների, ինչպես նաև առանձին մասնագետներ միջև, ովքեր գենդերային բռնության խնդիրը համարում են հրատապ և կարծում են, որ պետք է հրատապ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

    Օգոստոսի 9-10-ը Նոյեմբերյանում տեղի ունեցավ Տավուշի մարզի վերջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Նոյեմբերյանում գործող բոլոր ՔՀԿ -ների ներկայացուցիչները: Հետաքրքիր քննարկման արդյունքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վստահությունը ոստիկանության նկատմամբ բարձրացել է, քանի որ ներկա ոստիկանները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման և զոհերի պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքը: Փաստացի, քննարկումների այս շարքը ոչ միայն իրազեկման, այլև նույն համայնքում միմյանց գործունեությանը ծանոթանալու և, իհարկե, առկա կարծրատիպերը կոտրելու հնարավորություն է ստեղծել:

    Ծրագրի շրջանակներում հանդիպումները շարունակական են և տեղի կունենան սեպտեմբերին ՝ Շիրակի մարզում, իսկ հոկտեմբեր ամսին՝  Լոռու մարզում։

    «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։