Հրապարակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ևս ներկայացված է Դիտորդների խմբում և հատուկ ուշադրությամբ է հետևում կանանց և անչափահասների իրավունքներին վերաբերող խնդիրներին՝ Աբովյան ՔԿՀ-ում։
Կանայք և անչափահասները ազատազրկման վայրերում կարիք ունեն առավել մեծ ուշադրության՝ պայմանավորված նրանց առանձնահատկություններով ու հատուկ կարիքներով։ Այդ առնչությամբ պետության պարտավորությունն է անել հնարավորը, որպեսզի կանայք և անչափահասները՝ գտնվելով անազատության մեջ չկորցնեն իրենց ֆիզիկական և հոգեկան առողջությունը։
2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի կողմից «Աբովյան» ՔԿՀ կատարվել են ինչպես պլանային, այնպես էլ ընթացիկ այցելություններ։ Ըստ այդմ, պլանային այցի ժամանակ Աբովյան ՔԿՀ-ում գտնվող 81 ազատազրկված անձանցից 5-ը եղել է անչափահաս կալանավոր և 1-ը հանդիսացել չափահաս /19 տարեկան/, 42 կալանքի տակ գտնվող և 39 դատապարտյալ կին։
Տարեկան հաշվետվության մեջ ներկայացվում են կանանց և անչափահասների պահման պայմաններին, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապին, պատժախցի և կարանտինային խցերի վիճակին, կրթությանն ու զբաղվածությանը վերաբերող հարցեր։
Կից կարող եք ծանոթանալ տարեկան հաշվետվությանը: