Հայերեն

2020 թվականը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համար բավականին ծանր տարի էր՝ իր մարտահրավերներով։
Տարվա առաջին կեսը՝ ինչպես երկրգնդի մեծ մասում, այնպես էլ Հայաստանում, COVID-19 համավարակի հետ կապված, իսկ աշնանը՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արհավիրքով պայմանավորված մարտահրավերները։ Այդպիսով, այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» աշխատում էր արտակարգ ռեժիմում՝ ուժերի գերլարվածության պայմաններում։ Դեռևս գարնանը՝  համավարակով պայմանավորված երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որն իր ազդեցությունն ունեցավ ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, այնպես էլ, հատկապես, կանանց կյանքի որակի վրա։ Մենք ստիպված եղանք վերակազմակերպել մեր ծրագրերն ու հրատապ օգնության փաթեթներ հատկացնել մեր անդամ կազմակերպությունների շահառու կանանց, որոնք կորցրել էին աշխատանքն ու հայտնվել սոցիալապես անապահով վիճակում։ Կոալիցիայի ջանքերով բռնության և խտրականության ենթարկված 1600 կնոջ ցուցաբերվել է հրատապ աջակցություն՝ հիգիենայի պարագաների փաթեթների, բնակարանային վարձավճարների, փոքր բիզնեսը շարունակելու համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման և այլնի համար։ Ինչպես նաև ձեռք է բերվել 109 արագ թեստ՝  ապաստարանի աշխատակիցների և շահառուների համար։ 

Համավարակին զուգահեռ սեպտեմբերի 27-ից սկսած մեր երկիրը հայտնվեց ադրբեջանական հարձակման թիրախում։ Արցախի բնակչության զգալի մասը պատերազմի առաջին իսկ օրերից տեղափոխվեց Հայաստան։ Արցախցի կանայք և երեխաները Հայաստան էին եկել հողաթափերով և տնային հագուստով։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից սկսեց իրականացնել արցախցիներին աջակցության հրատապ ծրագրեր։ Ձևավորվեցին հենակետային շտաբեր՝ Կանանց աջակցման կենտրոնում, Կանանց ռեսուրսային կենտրոնում և Իրական աշխարհ, իրական մարդիկ կազմակերպության տարածքներում։ Նաև՝ վերակազմակերպվեցին Կոալիցիայի առկա ծրագրերը, ներգրավվեցին նոր ֆինանսական միջոցներ։ Ընդհանուր առմամբ սոցիալական բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերվել 9437 ընտանիքի, որոնց տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և այլ անհրաժեշտություններ։ Ինչպես նաև իրավական աջակցություն է ցուցաբերվել Արցախից Հայաստան տեղափոխված 102 կնոջ, իսկ հոգեբանական աջակցություն՝ 58 անձի։ 1250 արցախցի ապահովվել է դեղորայքով։
Մենք խորապես շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին և գործընկերներին, այս դժվարին պայմաններում զգայուն աջակցության և համագործակցության համար։
Մենք շարունակելու ենք մեր աջակցության ծրագրերը՝ ի նպաստ դժվարին իրավիճակներում հայտնված կանանց և նրանց ընտանիքների, մեծ հույսեր փայփայելով, որ գալիք տարին կլինի խաղաղ։