«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սկսում է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական աջակցության կենտրոնների, առողջապահական հաստատությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները և զգայունությունը ընտանեկան ու գենդերային բռնության խնդիրների նկատմամբ, իրականացնել մշտադիտարկումներ՝ գենդերային բռնությունից տուժած առավել խոցելի և լուսանցքային խմբերի շրջանում, պետական մարմինների հետ համագործակցությամբ մշակել իրավական փաստաթղթեր և իրականացնել հանրային իրազեկման արշավներ։ Ծրագրի շրջանակներում գենդերային բռնություն վերապրած կանանց կտրամադրվի նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացմանն ուղղված աջակցություն։
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը:
Ծրագրային հիմնական ուղղություններն են.
- Կանանց ընտանեկան բռնությունից ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը պետության կողմից, ինչպես նաև բռնության դեպքերին արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանքի ապահովումը,
- Կանանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հասարակության իրազեկվածության բարձրացումը ընտանեկան և գենդերային բռնության, առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները․
- Մշակվելու են նոր կամ փոփոխված իրավական փաստաթղթեր և քաղաքականություններ սեռական բռնության վերաբերյալ, նոր ենթաօրենսդրական ակտեր ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի շրջանակներում ոստիկանական մեխանիզմների վերաբերյալ․
- Իրականացվելու են հետազոտություններ ՄԻԱՎ-ով ապրող և թմրանյութեր օգտագործող կանանց, ինչպես նաև փակ հաստատություններում կանանց նկատմամբ գենդերային բռնության վերաբերյալ․
- Հրապարակվելու է 2 զեկույց՝ ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերի վերաբերյալ․
- Իրականացվելու են կարողությունների զարգացման դասընթացներ․ 8-շաբաթյա՝ 4 սոցիալական պաշտպանության կենտրոնների 12 աշխատակցի համար, 30 դասընթաց՝ առողջապահության ոլորտի 100 աշխատակցի համար, 30 հանդիպում և դասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների 300 մասնակցի հետ՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, 3 դասընթաց մարզային հասարակական կազմակերպությունների 45 մասնակցի հետ․
- Իրականացվելու են COVID-19 համավարակի ընթացքում կանանց խոցելիության նվազեցման ուղղությամբ միջոցառումներ, որոնց թվում՝ իրավաբանական խորհրդատվության տրամադրում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերյալ, 10 500 եվրոյի չափով ենթադրամաշնորհների տրամադրում մարզային հասարակական կազմակերպություններին՝ համավարակից տուժած խոցելի կանանց աջակցության տեղական նախաձեռնությունների իրականացման համար․
- Ընտանեկան և գենդերային բռնության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրականացվելու են միջոցառումներ․ Հոկտեմբերի 1-ի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա և գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակի շրջանակներում, հայտնի հասարակական գործիչների մասնակցությամբ բեմադրվելու է կանանց իրավունքների հիմնահարցերը քաղաքական օրակարգ բարձրացնող «Յոթի պատմությունը» ներկայացումը, պատրաստվելու և տարբեր մեդիահարթակներում ցուցադրվելու է ընտանեկան և գենդերային բռնության վերաբերյալ 3 սոցիալական հոլովակ, Կոալիցիայի հետազոտությունների արդյունքների և տվյալների հիման վրա սոցիալական մեդիաներում տարածվելու են տեսանյութեր և պաստառներ, «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է 14 հեռուստահաղորդում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ․
- Ընտանեկան և գենդերային բռնության վերաբերյալ իրականացվելու է տարեվերջյան ազգային համաժողով՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների հետ համագործակցությամբ։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը շարունակվելու է մինչև 2023 թվականի հունվարի 30-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։