COVID-19 համավարակի ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր ծրագրերից միջոցներ կհատկացնի բռնության և խտրականության ենթարկված կանանց՝ նրանց սոցիալական ծանր վիճակը թեթևացնելու նպատակով։ Արտակարգ աջակցության փաթեթները ներառում են բնակարանային վարձավճարների և կոմունալ ծախսերի փոխհատուցում՝ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ծայրահեղ իրավիճակում հայտնված կին շահառուների կենսամակարդակի բարձրացման համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  իր ծրագրային միջոցների մի մասը կհատկացնի COVID-19-ից անմիջականորեն տուժած կանանց հզորացմանը: Մասնավորապես, կազմակերպությունը կաջակցի սեռական և գենդերային բռնություն վերապրած կանանց, որոնք Կոալիցիայի անդամ կազմակերպությունների աջակցությամբ հաղթահարել են բռնությունն ու կարողացել փոքր եկամուտ բերող գործունեություն ծավալել։ Շահառու կանանց կտրամադրեն անհրաժեշտ գործիքներ և նյութեր (կարի մեքենաներ, տեքստիլներ, ծաղկաբուծության ծաղիկներ, վարսահարդման պարագաներ և այլն), իրենց փոքր բիզնես նախաձեռնություններն առողջացնելու և տնտեսական անկախությունը պահպանելու համար:
Այս մոտեցմամբ մենք կկարողանանք բարելավել COVID-19-ի արդյունքում ստեղծված իրավիճակից անմիջականորեն տուժած  համայնքների կանանց կենսամակարդակը՝ նրանց տրամադրելով շտապ օգնության փաթեթներ և օգնելով ընդլայնել սեռական և գենդերային հիմունքներով բռնություն վերապրած կանանց տնտեսական իրավունքներն ու անկախությունը։
Ենթադրամաշնորհերի ընդհանուր ծավալը կազմում է 6395000 դրամ, որից սոցիալական աջակցության համար՝ 3803000, իսկ բնակարանային վարձավճարների և կոմունալ ծախսերի փոխհատուցման համար 2592000 դրամ։
Նախաձեռնությունն իրականացվում է շվեդական Կվիննա տիլ Կվիննա հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։