Հայերեն

    Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ

    Femicide_Report_ARM
    Բեռնել զեկույցը

    Սույն զեկույցը հրատարակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  կողմից և արձանագրում է կանանց սպանություններն իրենց զուգընկերների և ընտանիքի անդամների կողմից` լույս սփռելով գենդերային հիմքով սպանությունների և բռնության այն դրսևորումների վրա, որոնց ենթարկվում են հատկապես Հայաստանաբնակ կանայք:
    Զեկույցում օգտագործվում է կնասպանություն եզրույթը՝ գենդերային տեսանկյունից չեզոք մարդասպանություն եզրույթի փոխարեն, քանի որ վերջինս անտեսում է անհավասարության ու ճնշումների այն յուրահատուկ արգելքները, որոնց բախվում են կանայք:
    Հայաստանում ընտանեկան սպանությունները մեծապես իրականացնում են տղամարդիկ, և միայն հազվադեպ են կանայք սպանում զուգընկերներին` այն էլ հաճախ ինքնապաշտպանության նկատառումներից: Այսպիսով, գենդերային համատեքստը և ընտանեկան բռնության ազդեցությունը ձևավորում են կնասպանություն եզրի յուրահատուկ դասակարգումը:
    Ընտանեկան բռնության և դրա հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված կոալիցիայի ջանքերի շնորհիվ՝ ավելի շատ դեպքեր են ի հայտ գալիս և լրատվամիջոցների ուշադրությանն արժանանում: Այդուհանդերձ, կնասպանության դեպքերը ցավալիորեն անտեսվում են հաշվետվողականության անբավարար մեխանիզմների և իրավասու մարմինների ու հանցագործի ընտանիքի՝ գործը քողարկելուն նպատակաուղղված ջանքերի պատճառով:
    Մինչ օրս Հայաստանում ընտանեկան սպանությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունը թերի է, և գոյություն չունի գործերի վերաբերյալ համապարփակ տվյալներ հավաքագրող որևէ պետական մարմին:
    Այս զեկույցում մանրամասնորեն ներկայացվում են 2010-2015 թթ. Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից գրանցված 30 հայտնի դեպքերից 28-ը, և հիշատակվում են որոշ չգրանցված դեպքեր, որոնք կամ ընդհանրապես չեն դասակարգվել, կամ էլ որակվել են որպես «ինքնասպանություն»:
    Զուգընկերոջ կողմից սպանված կանանց թիվը ներկայացնելիս` զեկույցում օգտագործվում է «առնվազն» արտահայտությունը, քանի որ հենվելով միայն հանրային տեղեկատվության վրա` անհնար է համոզված լինել, որ մահվան որևէ դեպք բաց չի թողնվել:
    Չնայած ՄԱԿ-ի սահմանած ֆեմիցիդ (կնասպանություն) եզրույթի շրջանակը ընդգրկում է կանանց նկատմամբ բռնության այլ տեսակները ևս, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, սակայն այս զեկույցի դիտակետում միայն ընտանեկան սպանություններն են:
    Սույն զեկույցը հասարակությունում փոփոխություններ բերելու նպատակով մշակված գործիք է: Այն նկարագրում է ընտանեկան բռնության ռիսկային գործոնները, դրա մահաբերությունը, համակարգային անպատժելիությունն ու անարդարությունը` փորձելով բարելավել զոհերին աջակցելու և մեղավորներին պատժելու ինստիտուցիոնալ և այլ մեխանիզմները: