Հայերեն

    Aravot.am – Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մալաթիա տոնավաճառի վարագույրների տաղավարում դաժանաբար սպանված Հեղինե Դարբազյանի գործով հերթական նիստն էր: Ամուսինը՝ Արտակ Առաքելյանը Հեղինե Դարբազյանին սպանել էր որսորդական դանակի 30 հարվածով, նույն դանակով կտրել էր նաեւ Հեղինեի կոկորդը:

    Այսօր դատական նիստի սկզբում ամբաստանյալ Արտակ Առաքելյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ անվստահություն հայտնելով:

    Առաքելյանը դատարանին վստահեցրեց, որ նոր փաստաբան է ուզում ներգրավել գործում, բայց ոչ հանրային պաշտպան: Նշենք, որ այս ընթացքում Արտակ Առաքելյանի շահերը դատարանում ներկայացնում էր հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

    Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ հաջորդ նիստի օր նշանակեց մայիսի 18-ին ժամը 14.30-ին:

    Հեղինե Դարբազյանն ու Արտակ Առաքելյանը երկու անչափահաս երեխաների հետ բնակվել են վարձով բնակարանում, որտեղ նաեւ որոշակի գույք կա:

    Հիմա այս գույքի բաժանման գործընթացն է գնում: Հանրային պաշտպան Ավետիսյանի ներկայացմամբ՝ իր համար անսպասելի էր ամբաստանյալի որոշումը. Պաշտպանի կարծիքով՝ Առաքելյանն իր ծառայություններից հրաժարվել է հավանաբար այն պատճառով, որ պաշտպանը չի մասնակցել նշված գույքի բաժանման եւ գույքագրման գործընթացին:

    Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն, անդրադառնալով գույքի բաժանմանն, ասաց. «Ես գտնում եմ, որ մանր մարդու հետ գործ ունեմ. Եվ հայրը եւ տղան սարսափելի մանր մարդիկ են: Գույքի բաժանման ժամանակ ամբաստանյալի հայրն անգամ կտորի լոսկուտներ էր ասում գույքագրեք: Շատ մանրացավ: Գույքի բաժանման ժամանակ ես իրենց դեպքը տեսա, եւ հավատում եմ, որ, այո, չնչին առիթը պատրվակ է օգտագործվել մարդ սպանելու համար»:

    Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարի սեպտեմբերին: Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել):
    Նախորդ դատական նիստին հարցաքննվել են վկաները, այս թվում նաեւ Հեղինե Դարբազյանի եւ Արտակ Առաքելյանի 12-ամյա դուստրը եւ նշել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է հայրը պարբերաբար բռնության ենթարկել մորը:
    Նելլի Բաբայան