Հայերեն

    Մայիսի 23-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գ․ Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց  Սիրանուշ Գալոյանի երեխաների բնակության վայրը սահմանելու վերաբերյալ  հայցի քննությունը։ Նման հայցով դատարան էր դիմել երեխաների հայրը՝  Վ․ Մնացականյանը՝ ընդդեմ Սիրանուշ Գալոյանի, հոր բնակության վայրը երեխաների բնակության վայր որոշելու վերաբերյալ։ Այնուհետ հակընդդեմ հայցով դատարան էր դիմել նաև Սիրանուշ Գալոյանը՝ մոր բնակության վայրը երեխաների մշտական բնակության վայր  սահմանելու պահանջով։
    Անցած դատական նիստում Սիրանուշ Գալոյանի շահերի ներկայացուցիչ, Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան  Թագուհի Փիրուզյանը ներկայացրել էր միջնորդություն՝ սահմանել երեխաների հետ տեսակցության միջանկյալ կարգ, ըստ որի Սիրանուշ Գալոյանը օրենքով սահմանված կարգով հնարավորություն կստանա շաբաթը մեկ անգամ 10 ժամ տեսակցել երեխաներին և քանի դեռ դատարանը սույն գործով շարունակում է քննությունը, կվերականգնվի մոր և երեխաների միջև խզված կապը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց և ինչպես նշում է Սիրանուշ Գալոյանի շահերի ներկայացուցիչ Թագուհի Փիրուզյանը․ «Այս դեպքում երեխաների հիմնական բնակության վայրը գտնվում է հայրական տանը, և հայրը խոչընդոտում է մոր տեսակցության իրավունքը։ Թեև մինչ այժմ եղել են տեսակցություններ մոր և երեխաների միջև, սակայն այդ տեսակցությունները հաճախ վերաճել են երեխաների հոր կողմից հրահրված բախումների ու մոր հանդեպ, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքի։ Այդ պատճառով՝ հաշվի առնելով գործի քննության բարդությունն ու ժամանակատարությունը դատարանին ներկայացվել էր միջնորդություն, որը դատարանը բավարարեց՝  սահմանելով երեխաների տեսակցության միջանկյալ կարգ,  ըստ որի Սիրանուշ Գալոյանը կարող է շաբաթաը մեկ անգամ տեսակցել երեխաներին»։

    Դատական նիստի ժամանակ դատավոր Գ․ Խաչատրյանը հորդորեց կողմերին մտածել երեխաների լավագույն շահից ելնելով և գիտակցել, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ երեխաների նկատմամբ։ Մասնավորապես հնարավորություն տալ երեխաներին շփվել մյուս ծնողի հետ, որպեսզի նրանք չտուժեն ծնողների հարաբերություններից, հատկապես, որ երեխաները՝ մանկավարժների բնութագրերով  փայլուն երեխաներ են։ Այդ հորդորին ի պատասխան երեխաների հայրը՝  Վոլոդյա Մնացականյանը միջամտեց և ասաց, որ այդ երեխաներն իր տանն են ստանում նման դաստիարակություն, իսկ Սիրանուշ Գալոյանն ավելացրեց․ «Թող չմոռանան, որ այդ երեխաներին ես եմ ծնել, պահել և դաստիարակել»։
    Դատական այս նիստին պետք է ներկայանար նաև երեխաների փաստացի բնակության վայրում գործող հոգաբարձության ու խնամակալության մարմինը, որի ներկայացուցիչը թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել։ Մինչ այդ  դատարանին ներկայացվել էր չհիմնավորված առաջարկ՝ երեխաների մշտական բնակության վայրը հոր բնակության վայրը սահմանելու վերաբերյալ։ Ըստ Սիրանուշ Գալոյանի ներկայացուցիչ Թագուհի Փիրուզյանի՝ այդ փաստարկը հիմնավոր չէ, և փաստաբանը ներկայացրեց դիրքորոշում առ այն, որ դատաքննության ընթացքում ներգրավվի Սիրանուշ Գալոյանի հաշվառման վայրում գործող խնամակալության ու հոգաբարձության մարմինը։ Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը։
    Դատական վերջին  նիստի ընթացքում արվեց ևս մեկ միջնորդություն՝  դատահոգեբանական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ, որպեսզի մասնագետների ներգրավմամբ դատարանը պարզի արդյո՞ք երեխաների վրա առկա է ծնողներից որևէ մեկի անմիջական ազդեցությունը։ Տվյալ միջնորդությունը ևս բավարարվեց։
    Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 25-ին, ժամը 17։00-ին։