Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան   փետրվարի 27-ին, Կոնգրես հյուրանոցի  «Պիկասո » սրահում անցկացրեց դասընթաց իրավաբանների համար։ Դասընթացին մասնակցում էին իրավաբաններ, փաստաբաններ և իրավական կրթություն ստացող ուսանողներ։ Դասընթացավարներ Նոնա Գալստյանն ու Նվարդ Փիլիպոսյանը ներկայացրեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի առավել կարևոր դրույթներն ու ՀՀ միջազգային պարտավորությունները՝ ընտանեկան բռնության համատեքստում։

    Մասնավորապես Նոնա Գալստյանն անդրադարձավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի դրույթներին, հատկապես օրենքի առաքելությունը, օրենքում ամրագրված բռնության տեսակներին, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներին, որոնք են՝ նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումն ու պաշտպանական որոշումը:

    Առավել մանրամասն անդրադարձ կատարվեց օրենքում ամրագրված հաշտեցման ինստիտուտին։ Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումն իրականացվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Հաշտեցումն իրականացվում է ընտանիքում բռնություն գործադրած կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի դիմումով՝ ուղղված աջակցության կենտրոնին: Մինչև գործընթացն սկսելը աջակցության կենտրոնն ստանում է հաշտեցմանը մասնակցելու՝ մյուս կողմի գրավոր համաձայնությունը: Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո:

    Նոնա Գալստյանը, որպես ընտանեկան բռնության ենթարկված անձնանց պաշտպանության երկարատև փորձ ունեցող փաստաբան իր մտահոգությունը հայտնեց հաշտեցման գործընթացի արդյունավետության վերաբերյալ։ Նա նշեց, որ բռնարարն ու բռնության ենթարկված անձը չեն գտնվում հավասար դիրքերում, ուստի նրանց հաշտեցումը կարող է վախի կամ սպառնալիքի հետևանք լինել, որը հետագայում կարող է հանգեցնել առավել դաժան բռնության։

    Դասընթացավար Նվարդ Փիլիպոսյանն անդրադարձավ ընտանեկան բռնության հիմնախնդրին առնչվող միջազգային փաստաթղթերին, մասնավորապես Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի , Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության  մասին Եվրոպական, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներին։ Մանրամասն վերլուծության ենթարկվեցին  մի քանի կարևորագույն՝ Օփուզն ընդդեմ Թուրքիայի, Բեվասքիան և Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի  և Տալպիսն ընդդեմ Իտալիայի գործերին։

    Դասընթացի ժամանակ լսարանն ակտիվորեն մասնակցում էր, և քննարկումները ծավալվում էին նաև Հայաստանի դատարաններում հնչեղություն ստացած ընտանեկան բռնության գործերի շուրջ։ Մասնավորապես ներկա իրավաբանների կարծիքով ընտանեկան բռնության ենթարկված անձնանց պաշտպանությունը դատարաններում բարդանում է դատական համակարգի կանանց իրավունքների հանդեպ ոչ այնքան զգայուն լինելու պատճառով։ Կանանյք հաճախ խտրականացվում են, դատաններում չեն գիտակցվում ընտանեկան բռնության առանձնահատկությունները և հաճախ քննվում է մեկանգամյա բռնությունը՝ անտեսելով ընտանեկան բռնության տարիներ շարունակ կրկնվող և տարբեր դրսևորումներ ունեցող իրավիճակը։

    Ամեն դեպքում, օրենսդրական դաշտի փոփոխությունները կարող են նպաստել նաև դատաիրավական համակարգի վերափոխման վրա, այն դարձնելով կանանց իրավունքների նկատմամբ առավել գրագետ և զգայուն, կարծում են իրավաբանները։

    Նշենք, որ դասընթացն իրականացվում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից և իրականացվելու է 2017-2019 ժամանակահատվածում։

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանությանը Հայաստանում՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Մասնավորապես, ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։

    Ծրագիրը նախատեսում է քաղաքացիների շրջանում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ շարունակական իրազեկումների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնագետների քաղաքականության մշակման գործընթացում մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդման և զարգացման միջոցով նպաստել սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման մասնակցային, ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորմանը, որտեղ ինչպես առանձին քաղաքացիներն, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կլինեն տեղի ունեցող բարեփոխումների անմիջական մասնակիցներ։