Գործունեություն

2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության՝ որպես կանանց նկատմամբ սիստեմիկ բռնության դրսևորման բարձրաձայնմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երեւույթի մասին իրազեկվածության բարձրացմանը: Դեպքից հետո, այս հարցով մտահոգ 7 կազմակերպություն միավորվեց, և համատեղ ջանքերով ու կամավորական հիմունքներով ստեղծեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի պահանջներն էին՝ արդար դատավարություն եւ նման դեպքերի կանխում, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում:

Կոալիցիայի հիմնադիր անդամ կազմակերպություններն են՝

● «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ,
● «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ,
● «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ,
● «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն,
● «Հասարակություն առանց բռնության» ՀԿ,
● «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ,
● «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ։

Կոալիցիայի կանոնադրական նպատակներն են՝

  • Խթանել և պաշտպանել միջազգային պայմանագրերով և այլ
    փաստաթղթերով ճանաչված մարդու իրավունքներն ու հիմնարար
    ազատությունները:
    ● Միավորել անդամ հասարակական կազմակերպությունների
    ջանքերը և խթանել հասարակական կազմակերպությունների,
    ինչպես նաև Հայաստանում գործող այլ մարդու իրավունքների և
    հիմնարար ազատությունների պաշտպանությամբ և խթանմամբ
    զբաղվող այլ ոչ առևտրային կազմակերպությունների միջև
    համագործակցությունը:
    ● Նվազեցնել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության բոլոր
    տեսակները, խթանել գենդերային հավասարությունն ու կանանց
    իրավունքների պաշտպանությունը:
    ● Նվազեցնել Հայաստանում ընտանեկան բռնության բոլոր տեսակի
    դրսևորումները, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության
    ընդունմանն ու կիրարկմանը, բարձրացնել հանրային
    իրազեկվածությունը:2015թ. Կոալիցիան գրանցվել է որպես իրավապաշտպան ոչ առևտրային
    կազմակերպությունների միություն:
    Կոալիցիան հանդես է գալիս որպես ներառական կառույց, որը շահերի պաշտպանություն և ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրում գաղափարակից և անդամ կազմակերպություններին ու կառույցներին: Կոալիցիայի գործունեությունը կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ, էթիկայի կանոնակարգով և Ընդհանուր ժողովի՝ կանոնադրությանը համապատասխան սահմանված այլ կանոններով և կանոնակարգերով։
    Կոալիցիան համագործակցում է այն կառույցների հետ, որոնք ընդունում և կիսում են իր արժեքները և նպատակները, ինչպես նաև պարբերաբար դիտարկում է համակիր կազմակերպությունների և անձանց հետհամագործակցության ընդլայնման հարցը։ 
    Ընտանեկան բռնությունը կանխարգելով օրենսդրության ընդունման ուղղությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  աշխատել է իր ստեղծման օրից ի վեր։ 2013 թվականին ՀՀ Աժ է ներկայացվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»  հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման»  օրենսդրության նախագիծը, որը, սակայն մերժվել է։ Սակայն, նման օրենսդրություն ունենալու ուղղությամբ անխոնջ պայքարի արդյունքում, 2017թ․ դեկտեմբերին ՀՀ ԱԺ-ն վերջապես ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը , որով պետությունը հանձնառություն է ստանձնել հետևողական ջանքեր գործադրել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ։

Թեև օրենքն ընդունվեց, սակայն այն քննադատվեց Կոալիցիայի կողմից՝ բազմաթիվ բացերի պատճառով, ինչի արդյունքում՝ 2019թ․ հոկտեմբերին լիազոր մարմնի կողմից շրջանառության մեջ է դրվել նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը , որով նախատեսվում են մի շարք եզրույթների և մեխանիզմների փոփոխություններ։
ՀՀ վարչապետի 2018թ․ դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշմամբ հաստատվել է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որում ներառված են պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասաարակության, այդ թվում Կոալիցիայի ներկայացուցիչներ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  ներկայացված է մի շարք հարթակներում ու մարմիններում, ունի ներկայացուցիչ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբում: