Մրցույթի հրավեր՝ դատական մշտադիտարկման համար | |
Գործատու | «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա |
Ծրագիր | «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» |
Ֆինանսավորող կառույց | Եվրոպական միություն |
Մշտադիտարկման նպատակը | Իրականացնել ընտանեկան բռնության դատական գործերի համապարփակ մշտադիտարկում |
Հետազոտության տևողություն | հունիս 2021թ․ – հունիս 2022թ․ |
Դիմումների վերջնաժամկետ | մայիսի 24, 2021թ․ |
Նախատեսված բյուջե | 6000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ |
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։ Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:
Ծրագրի նկարագրություն
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը:
Ծրագրային ուղղություններն են․
Ա․ Պետության կողմից անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը՝ ուղղված կանանց ընտանեկան ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանը, ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։
Բ․ Բարձրացնել կանանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակության իրազեկվածությունը ընտանեկան և գենդերային բռնության տարածվածության և առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:
Մշտադիտարկման նպատակների ներկայացում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է իրականացնել ընտանեկան բռնության դատական գործերի համապարփակ մշտադիտարկում։
Հետազոտության շրջանակներում անհրաժեշտ է՝
- Մշտադիտարկել ընտանեկան բռնության դատական գործերի՝ նախապես մշակված չափանիշներով ընտրված ընտրանքը՝ գենդերազգայունության և ընտանեկան բռնության օրենքի կիրարկման տեսանկյունից
- Կազմել շահագրգիռ մարմիններին ուղղված առաջարկություններ ոլորտի բարելավման նպատակով
- Կազմել կատարված աշխատանքն ամփոփող զեկույց և ներկայացնել այն համապատասխան մարմիններին։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Իրավագիտության, մարդու իրավունքների կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
- Մշտադիտարկումներ և հետազոտություններ իրականացնելու փորձ
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
- Արդյունավետ և ճկուն աշխատելու պատրաստակամություն և կարողություն
- Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն:
Դիմելու ընթացակարգը
Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ զեկույցների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մշտադիտարկման մրցույթի հայտ»:
Դիմել կարող են ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները։ Կազմակերպությունների պարգայում անհրաժեշտ է ուղարկել կազմակերպության կողմից արված մշտադիտարկման կամ հետազոտական աշխատանքների օրինակները, կազմակերպության բուկլետը և կազմակերպության գործունեությանը քաջածանոթ երկու անձանց տվյալներ։
Դիմումների վերջնաժամկետը 2021թ․, մայիսի 24-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ: