Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների կոալիցիան ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի ծրագրի շրջանառվող նախագծի շուրջ ունեն մի շարք մտահոգություններ և առաջարկություններ 📃
Ցանկանում ենք նշել, որ գոյություն ունեն ռեաբիլիտացիայի փորձարկված մոդելներ, որոնք նպատակահարմար է օգտագործել՝ համապատասխանեցնելով Հայաստանի պայմաններին։ Նոր մոդելի մշակումը և փորձարկումը, հաշվի առնելով ընտանեկան և զուգընկերային բռնության աջակցության համակարգում առկա բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսական, մարդկային և մասնագիտական ռեսուրսների սակավությունը, նպատակահարմար չէ և կարող է հանգեցնել ռեսուրսների ու ջանքերի ավելորդ վատնման՝ առանց արդյունավետության երաշխիքի։ Ընդսմին, կարևոր ենք համարում ապահովել առկա մոդելներին հասանելիությունը կամ ծրագրում ամրագրել արդեն իսկ փորձարկված մոդելների կիրառման անհրաժեշտությունը։
Լիահույս ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին քննարկման ընթացքում արտահայտված հարցերն ու առաջարկությունները իրենց արտացոլումը կգտնեն կառավարության որոշման նախագծում՝ նպաստելով դրա լրամշակմանը մի շարք կարևոր ուղղություններով:
📌 Կարևոր դիտարկումներ և առաջարկություններ՝
- «Ռեաբիլիտացիա» եզրույթի հետևողական կիրառում՝ ապահովելու ծրագրի նպատակի ճիշտ և միանշանակ ըմբռնումը։ Բացի այդ, վստահ ենք, որ արդեն իսկ մշակված մոդելը կկարողանա ավելի մոտենալ միջազգային լավագույն փորձին՝ անհրաժեշտաբար հարմարեցվելով Հայաստանի առանձնահատկություններին։
- Ռեաբիլիտացիայի համար մոդուլի բաղադրիչների հստակեցում՝ ընդգրկելով գիտականորեն հիմնավորված ուսուցողական բովանդակությանն և մեթոդների որդեգրումը, որոնք կնպաստեն անձնական պատասխանատվության զգացումի ձևավորմանը, տրավմայի ազդեցության ընկալմանը, ինչպես նաև բռնության հետևանքների գիտակցմանը՝ թե՛ ընտանիքի, թե՛ համայնքի մակարդակներում։
- Կախվածությունների առանձնացված մոտեցում՝ անհրաժեշտ ենք համարում, որ ընտանեկան բռնության ռեաբիլիտացիան տարանջատվի կախվածությունների դեմ պայքարի միջոցառումներից՝ հաշվի առնելով, որ կախվածությունները կարող են միայն բարձրացնել բռնության ռիսկը, բայց չեն պայմանավորում դրա առաջացումը։
- Ծրագրում ներգրավված անձնակազմի պատրաստվածության մակարդակը՝ հատկապես տրավմայի արձագանքման և մասնագիտական համապատասխան վերապատրաստման հարցերում, ինչը հնարավորություն կտա ապահովել ծրագրի բարձր որակը և պատասխանատու վերաբերմունքը շահառուների հանդեպ։
- Աջակցության կենտրոնների հետ ուղղակի համագործակցության մեխանիզմների ստեղծումը՝ ռեաբիլիտացիայի և տուժածների պաշտպանության միջև փոխադարձ փոխկապակցվածությունը ապահովելու համար։
- Ռեաբիլիտացիայի ծրագրերի ընկալումը՝ որպես վարքագծի փոփոխության խթանող միջոցառում, այլ ոչ թե պատժի այլընտրանք։ Ուստի առաջարկում ենք սահմանել սուպերվիզիայի հստակ չափորոշիչներ և մշակել վերապատրաստման մեխանիզմներ՝ հետագա վերահսկման և որակի ապահովման նպատակով։
- Ամենամյա գնահատումների անցկացումը՝ ապահովելով ծրագրի շարունակական բարելավումը և ռեսուրսների առավել նպատակային օգտագործումը։ Հատուկ կարևորություն ենք տալիս այս հարցին, հաշվի առնելով, որ ներկայումս սահմանափակ են բռնության ենթարկվածներին աջակցող ծառայությունների ֆինանսական ռեսուրսները, և անհրաժեշտ է ռեաբիլիտացիայի ծրագրի արդյունավետության բարձրացումը՝ որպես ռեսուրսների առավել նպատակային օգտագործման միջոց։
📎 Մենք կարևորում ենք պետության դերը ընտանեկան բռնության կանխարգելման և առկա մեխանիզմների լավարկման հարցում և պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Լիահույս ենք, որ մեր կողմից ներկայացված դիտարկումները և նկատառումները տեղ կգտնեն սույն նախագծի հետ կապված հետագա աշխատանքներում։